National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.04.2022
Մենք եւ Ադրբեջանը տարբեր կերպ ենք ընկալում խաղաղությունը, մարդու իրավունքները. Արուսյակ Ջուլհակյան
1 / 1

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ապրիլի 26-ին ելույթ է ունեցել  ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում:

«Հարգելի՛ գործընկերներ, հարգարժան նախագահող, այսօր ավելի վաղ դուք ասացիք, որ այս հարթակը դիտարկում եք ավելի շուտ որպես ագորա, քան որպես արենա: Եւ ես կիսում եմ Ձեր այս մոտեցումը: Ցավոք, երբեմն մենք այս հարթակն օգտագործում ենք որպես մարտի դաշտ՝ մոռանալով Եվրոպայի խորհրդի հիմքում ընկած նախնական գաղափարը. համատեղ խնդիրներին լուծում գտնելու համար եվրոպական ազգերին մեկ վայրում հավաքելու գաղափարը, մասնատված մայրցամաքում խաղաղության վերակառուցման եւ պահպանման գաղափարը, Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության գաղափարը:

Երեկ իմ ադրբեջանցի կոլեգան հայտարարեց, որ Ադրբեջանն արել եւ անում է ամեն ինչ՝ խաղաղության հասնելու համար: Եւ ես հասկացա, որ լինելով միեւնույն կազմակերպությունում՝ մենք, այդուհանդերձ, տարբեր կերպ ենք ընկալում այս կազմակերպության հիմքում ընկած հիմնական արժեքները: Մենք տարբեր կերպ ենք ընկալում խաղաղությունը, մենք տարբեր կերպ ենք ընկալում մարդու իրավունքները:

Երբ դու ծննդատուն ես ռմբակոծում, դա չի հանգեցնում խաղաղության: Երբ դու տարեց քաղաքացու ես գլխատում, դա չի հանգեցնում խաղաղության:

Երբ դու քո մայրաքաղաքի սրտում ավարների պուրակ ես կառուցում՝ տեղադրելով այնտեղ հայ զինվորների նվաստացնող եւ ապամարդկայնացնող մանեկեններ, երբ դու հպարտությամբ տանում ես երեխաներին այդ պուրակ եւ ցուցադրում այդ մանեկեններն ու այլ, այսպես կոչված, ավարները, դա չի հանգեցնում խաղաղության: Սա կարող է հանգեցնել քամահրանքի, գուցե ատելության, բայց ոչ՝ խաղաղության:

Երբ դու հրաժարվում ես ազատել ռազմագերիներին, այլ պահվող անձանց, երբ նրանց դարձնում ես առեւտրի առարկա՝ շարունակաբար նորանոր պահանջներ ներկայացնելով, դա չի հանգեցնում խաղաղության: Երբ դու կարեւորություն չես տալիս հայ ռազմագերիներին առնչվող ՄԻԵԴ որոշումներին, ԵԽԽՎ եւ Եվրոպական խորհրդարանի բանաձեւերին՝ մերժելով մարդու իրավունքների պաշտպանության համար ստեղծված միջազգային գործիքները, դա չի հանգեցնում խաղաղության:

Երբ դու կրակում ես գյուղերի, իրենց հայրենիքում ապրող խաղաղ բնակիչների վրա՝ օգտագործելով մեծ եւ փոքր տրամաչափի զենքեր, դա չի հանգեցնում խաղաղության:

Երբ դու դիտավորյալ պայթեցնում ես գազամուղը եւ զրկում խաղաղ բնակչությանը, ներառյալ՝ երեխաներին, տաքանալու հնարավորությունից ցրտագույն եղանակային պայմաններում, դա խաղաղություն չէ:

Երբ քո զինված ուժերը բարձրախոսներով սպառնում են խաղաղ բնակչությանը՝ ստիպելով նրանց լքել իրենց տները եւ հայրենի գյուղերը, դա խաղաղություն չէ:

Երբ դու վնասում, ոչնչացնում ես հայկական եկեղեցիները, պատմամշակութային հուշարձանները, գերեզմանոցները նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումից, ԵԽԽՎ-ի, Եվրոպայի խորհրդարանի համապատասխան բանաձեւերի ընդունումից հետո, երբ քո նախագահը հրապարակայնորեն կարգադրում է ջնջել հին հայկական ձեռագրերը Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիների վրայից՝ այսպիսով ջնջելով հայկական հետքն այդ տարածքներից, դա խաղաղություն չէ:

Հետեւաբար, հարգելի՛ կոլեգաներ, խոսելով խաղաղության մասին, նախ եկեք համոզվենք, որ այստեղ, այս ագորայում, մենք նույն կերպ ենք ընկալում այդ բառը: Գուցե սա կօգնի մեզ սկսել վստահության կառուցման գործընթաց, խաղաղության կառուցման գործընթաց, եւ, ի վերջո, իրական խաղաղություն բերել մեր տարածաշրջանին»,- ասել է Արուսյակ Ջուլհակյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am